Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 20-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
«ԱՐԵՆԻ ՈՒԱՅՆ ՀՈԹԵԼ» ԲԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ավագանու նիստում քննարկման է դրվել «ԱՐԵՆԻ ՈՒԱՅՆ ՀՈԹԵԼ» ԲԲ ընկերությանը (այսուհետ նաև` Ընկերություն) 2019 թվականի հոկտեմբերի 09-ին տրված թիվ 51 շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգելու հանգամանքով պայմանավորված` Ընկերությանը վարչական տույժի ենթարկելու հիմքերի առկայության հարցը, որի քննարկման համար հիմք է հանդիսացել Ընկերության դիմումը:

Մասնավորապես, Ընկերությունը 2022 թվականի փետրվարի 01-ին դիմել է Արենի համայնքի ղեկավարին` խնդրելով երկարաձգել վերոնշյալ շինարարության թույլտվության ժամկետը _20____ (__քսան_) ամիս ժամկետով: Դիմումին կից Ընկերության կողմից ներկայացվել է բացատրություն-հիմնավորում, որով ներկայացվել են շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետն Ընկերության կողմից պահպանվելու անհնարինության և ժամկետը չպահպանելու պատճառների հարգելիության մասին Ընկերության փաստարկները և հիմնավորումները:

Ընկերության կողմից ի թիվս այլնի նշվել է, որ շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը չպահպանելու համար իրավական պատասխանատվություն է սահմանված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1541 հոդվածով, այսինքն` տվյալ արարքը դասակարգված է որպես վարչական զանցանք, ուստի դրա առկայությունը պարզելու և վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու հարցը քննարկելիս անհրաժեշտ է հաշվի առնել, թե անձի գործողություններում առկա՞ է արդյոք նրա մեղքը, որը հանդիսանում է զանցանքի առկայության և պատժելիության առանցքային նախապայման:

Վերոնշյալի համատեքստում Ընկերության ներկայացուցիչը վկայակոչել է, որ Հայաստանի Հանրապետությունում, պայմանավորված առկա առողջապահական լրջագույն վտանգով, Կառավարության որոշմամբ 2020 թվականի մարտի 16-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը հայտարարված է եղել արտակարգ դրություն, իսկ 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչ օրս` սահմանված է կարանտին, և այդ հանգամանքներով պայմանավորված` արդեն շուրջ 2 տարի շարունակ Հայաստանի Հանրապետությունում սահմանված են տեղաշարժվելու և տնտեսական գործունեություն իրականացնելու ազատությունների էական սահմանափակումներ, որոնք էապես դժվարացնում են մինչ այդ իրավական ռեժիմների առաջացումը պլանավորված շինարարության իրականացումն ու ավարտը այն ժամկետներում, որոնք ի սկզբանե պլանավորվել են ու համարվել իրատեսական:

Ընկերության ներկայացուցիչը շեշտել է նաև, որ ՀՀ արտակարգ դրության պարետի համապատասխան որոշումներով 2020 թվականին շուրջ 6 ամիս անընդմեջ, ընդ որում` շինարարության լավագույն ժամանակահատված համարվող շրջանում, ՀՀ-ում ընդհանրապես արգելված է եղել շինարարության իրականացումը, իսկ դրանից հետո թույլատրվել է իրականացնել մի շարք սահմանափակումներով և լրացուցիչ պահանջներով, որոնք համակցությամբ վնասել են իրականացվող աշխատանքների բնականոն տեմպին:

Փաստորեն, Ընկերությունն իր ներկայացուցչի պնդմամբ գրեթե ամբողջությամբ զրկվել է պլանավորված շինարարության ժամկետում ներառված երկու սեզոններից մեկում շինարարություն իրականացնելու հնարավորությունից, ինչը և անհնարին է դարձրել շինարարության ավարտը նախապես պլանավորված ժամկետներում:

Ընկերության ներկայացուցիչը վկայակոչել է նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմը և դրանով պայմանավորված` Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությունն ու զորահավաքը, որոնք ևս էապես վնասել են իրականացվող շինարարությանը և ոչ պակաս խոչընդոտներ են առաջացրել շինարարության համար, ընդ որում` խոչընդոտները պատերազմի ավարտով չեն ավարտվել և շարունակվել են նաև հետպատերազմական շրջանում` առնվազն մինչև 2021 թվականի հուլիս ամիսը, այսինքն` ներառել են նաև երկրորդ շինարարական սեզոնի զգալի մասը:

Այսպիսով, Ընկերության դիրքորոշումն այն է, որ շինարարության թույլտվությամբ սահմանված 24-ամսյա ժամկետից ավելի քան 15 ամսվա ընթացքում Ընկերությունը փաստացի զրկված է եղել շինարարությունը լիարժեք ծավալներով իրականացնելու հնարավորությունից, ինչը պայմանավորված է եղել Ընկերության մեղքից անկախ առաջացած հանգամանքներով, Ընկերության բնորոշմամբ` ֆորս-մաժորային իրավիճակով, որը ներառել է շինարարության թույլտվության ժամկետում ներառված ամենաբարենպաստ ժամանակահատվածի մեծ մասը և այդպիսով անհնարին է դարձրել շինարարության ավարտն այն ժամկետում, որը նշված է շինարարության թույլտվության մեջ:

Ընկերության ներկայացուցիչը խնդրել է նաև հաշվի առնել, որ Ընկերությունը մեծածավալ ներդրումային ծրագիր է իրականացնում սահմանամերձ համայնքում, և ծրագրի բարեհաջող ավարտը նպաստելու է նաև համայնքի զարգացմանը:

Վերոգրյալի հաշվառմամբ Ընկերությունը խնդրել է հաստատված համարել, որ տեղի ունեցած ժամկետի չպահպանման մեջ բացակայում է Ընկերության մեղքը և այդ հիմքով զերծ մնալ Ընկերության նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելուց:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` Վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:

ՀՀ սահմանադրական դատարանն իր որոշումներից մեկով արձանագրել է, որ վարչական պատասխանատվության սկզբունքներից է «պատասխանատվությունը մեղքի համար» սկզբունքը, ինչը նշանակում է, որ վարչական տույժը (պատասխանատվությունը) կարող է կիրառվել միայն վարչական իրավախախտում կատարելու մեջ մեղավոր անձի նկատմամբ:  Հետևաբար` մեղքը, որպես վարչական զանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր տարր, հանդիսանում է վարչական պատասխանատվության իրավական միակ նախապայմանն ու նախադրյալը(տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 2010 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ ՍԴՈ-920 որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանն այլ դեպքում անդրադառնալով վարչական իրավախախտման սուբյեկտի մոտ մեղքի հնարավոր տարատեսակներին ու դրանց բովանդակությանը` արձանագրել է, որ սուբյեկտը մի դեպքում` դիտավորությամբ, մեկ այլ դեպքում` անզգուշությամբ զանցանք կատարելիս«գիտակցում է», «կանխատեսում է» իր գործողության կամ անգործության հակաիրավական բնույթը (տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ ՍԴՈ-1048 որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը, կրկին անդրադառնալով իրավական պատասխանատվության միջոցների իրավաչափությանը, ոչ իրավաչափ է համարել անձի կողմից բացասական հետևանքների կրումը` իր մեղքից անկախ պատճառով: Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը զարգացրել է ՍԴՈ-920 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը և ձևակերպել, որ պատասխանատվության հանրային-իրավական սկզբունքների, այդ թվում` մեղքի առկայությունն անհրաժեշտ է ոչ միայն վարչական, այլև, ընդհանրապես, իրավական պատասխանատվության ցանկացած միջոցի կիրառման համար(տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 2014 թվականի հունիսի 03-ի թիվ ՍԴՈ-1153 որոշումը):

Այսպիսով, Սահմանադրական դատարանի վերոնշյալ իրավական դիրքորոշումների և վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծությունը վկայում է, որ իրավական պատասխանատվության ցանկացած միջոցի, ներառյալ` վարչական տույժի կիրառումը, հնարավոր և թույլատրելի է բացառապես այն դեպքում, երբ ենթադրյալ իրավախախտումը թույլ է տրվել համապատասխան սուբյեկտի մեղքով:

Տվյալ դեպքում քննարկելով Ընկերության դիմումը, լսելով Ընկերության փաստարկները և հիմնավորումները, հիմք ընդունելով վերոնշյալ իրավանորմերը և Սահմանադրական դատարանի մեկնաբանությունները, Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով, Արենի համայնքի ավագանին ո ր ո շ ում է ՝

 

1.«ԱՐԵՆԻ ՈՒԱՅՆ ՀՈԹԵԼ» ԲԲ ընկերության կողմից Արենի համայնքի սահմաններում 2019 թվականի հոկտեմբերի 09-ի թիվ 51 շինարարության թույլտվության հիման վրա իրականացվող շինարարությունը սահմանված ժամկետում չավարտելու պատճառները համարել հարգելի` պայմանավորված անհաղթահարելի ուժի առկայությամբ և ըստ այդմ հաստատված համարել, որ Ընկերության մեղքը ստեղծված իրավիճակում բացակայում է:

2.Առաջարկությամբ դիմել Արենի համայնքի ղեկավարին և ողջ աշխատակազմին` առաջարկելով զերծ մնալ «ԱՐԵՆԻ ՈՒԱՅՆ ՀՈԹԵԼ» ընկերության նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1541հոդվածի հատկանիշներով վարույթ հարուցելուց և Ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելուց:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner